Այբ, բեն, գիմ...
Ցնծում էր հայոց աշխարհը:
Տառերի մատյան գունդն ավետում էր հայոց
աշխարհի փրկությունը: Սրբագործ Մաշտոցն ու իր նվիրական ընկերները՝ արարչի ողորմածությամբ,
գտել էին բազմաչարչար, տառապած ազգի գոյության առհավատչյան: Ու հնչեց այն դարերի խորքից,
հնչեց հուժկու, խորհին խորհրդով, դարձավ սրբություն սրբոց: Իմ մայր լեզու, դու քո մեջ
ունես մեր սեգ լեռների վեհությունը, զուլալ առվակների մաքրությունը, հայկական արևի
անսպառ ջերմությունը: Իմ հայ լեզու: Մայրական անարատ կաթի պես դու հնչում ես թոթովախոս
հայ մանկան շուրթերից: Ազգի լեզուն ու մտածողությունը սերտորեն կապված են միմյանց:
Այն ճկուն է, առնական, քնքուշ ու նրբագեղ, հնչեղ ու թախծալուր: Մեր լեզուն նման է մեզ. սիրում է անձնազոհաբար, ատում է անողոքաբար,
լացում է հոգեճմլիկ, ժպտում է հոգեզմայլ: Սիրում եմ քեզ իմ մայրենի լեզու: Որքա˜ն տառապանք
ես տեսել, որքա˜ն փառք ու պատիվ, բայց եղել ես աննկուն, սեգ ու կաթոգին: Մայրաբար խորհուրդ
ես տվել քո զավակներին, հայրաբար՝ հորդորել:
Դու ես ծնել ար, արար խոսքերը, քանզի արարել ես, ստեղծել, կառուցել: Քեզնով հիացել
են նույնիսկ օտարազգիները. այսքան փոքր ու համեստ ազգ, այսպիսի հզոր, հարուստ ու ճոխ
լեզու: Քո հողի պես հին ես ու արգասաբեր, մեղրածոր ծիրանի պես ժպտադեմ, արնագույն նռան
պես իմաստուն:
Բիբլիական աշխարհի
ավետյաց լեզու, դարերի խորքից եկած իմ հայոց լեզու, դու պիտի հնչես ու հնչեցնես փառքը
մեր հայոց...
Комментариев нет:
Отправить комментарий