-->
Հաղթանակի օրը հայ ազգային ոգու ու տոկունության վերստին ծնունդն
է: Ազատատենչ ու արի ազգը հերթական մաքառմամբ հաստատեց իր ապրելու , արարելու իրավունքը:
Արցախյան ազատամարտը ցնցեց հայոց աշխարհը: Բռունցքվեց ողջ հայությունը: Ազգը միավորման, իր իսկ եղբայրների
հետ ապրելու հարցն էր բարձրացրել: Այդ պայքարի
մասնակիցն է եղել նաև հայրս:
Այսօր հպարտությամբ ու խորին երախտագիտությամբ լսում եմ հայրիկիս պատմությունները: 1988-ին խորհրդային բանակից նոր զորացրված հայրս առանց վարանելու միացավ արցախյան ազատամարտին:
Տավուշցու հայրենասիրությունն ու տոկունությունը նրան ստիպում էին լինել առաջին շարքերում: Հայրս, ինչպես և բազմաթիվ հայրեր գիտակցում էին, որ վտանգի տակ է հող հայրենին: Նրանք իրենց անձնվիրությամբ ու համարձակությամբ ոգեշնչում էին շատերին:
Սակայն թշնամու կույր դիպուկահարի գնդակից և ականաբեկորային պայթյունից 1993 թվականի ապրիլի 3-ին
Լաչինում վիրավորվեց հայրս: Երկրատև բուժումից հետո նա վերադարձավ ծառայության: Պատերազմն ավարտվելուց հետո նա շարունակեց
ծառայությունը՝ զբաղեցնելով մի շարք պաշտոններ՝ մասնակցելով բանակաշինության գործընթացին:
Այժմ ես՝ որպես ազատամարտիկի դուստր, հպարտույամբ
նշում եմ, որ հայոց արծիվների խիզախ թռիչքը անհասանելի է, աներեր, քանզի նրանք մինչև
արյան վերջին կաթիլը պատրաստ են մարտնչել հայրենի երկնակամարը խաղաղ պահելու համար:
Ուզում եմ շնորհավորել Արցախյան ազատամարտի բոլոր
մասնակիցներին, խոնարհվել զոհվածների շիրիմի առջև և երախտագիտության խոսքեր ուղղել
նրանց: Այսօրվա և ապագայի համար մենք պարտական ենք Ձեզ՝ հայ քաջարիներ: Իսկ մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմամբ ամրագրված հաղթանակը
դարձնել մեր փառավոր երթի սկիզբը:
Սիրելի հայր և հայ ազատամարտիկ հայրեր, հայ զինվոր,
որ այսօր աչալրջորեն հսկում ես հայրենիքի սահմանները, թող երկինքը լինի անամպ և զենքերը
լռեն, թող հայ մայրերը երբեք որդեկորույս չդառնան, թող հայոց աշխարհը ցնծա խինդով, ուրախությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий