четверг, 9 мая 2013 г.

Ազատամարտիկի դուստրը

-->

    Հաղթանակի օրը հայ ազգային ոգու ու տոկունության վերստին ծնունդն է: Ազատատենչ ու արի ազգը հերթական մաքառմամբ հաստատեց իր ապրելու , արարելու իրավունքը:
     Արցախյան ազատամարտը ցնցեց հայոց աշխարհը: Բռունցքվեց  ողջ հայությունը: Ազգը միավորման, իր իսկ եղբայրների հետ  ապրելու հարցն էր բարձրացրել: Այդ պայքարի մասնակիցն է եղել նաև հայրս:
   Այսօր հպարտությամբ  ու խորին երախտագիտությամբ լսում  եմ հայրիկիս պատմությունները: 1988-ին խորհրդային բանակից նոր զորացրված հայրս առանց վարանելու միացավ արցախյան ազատամարտին:
   Տավուշցու հայրենասիրությունն ու տոկունությունը նրան ստիպում էին լինել առաջին շարքերում: Հայրս, ինչպես և բազմաթիվ հայրեր գիտակցում էին, որ վտանգի տակ է հող հայրենին: Նրանք իրենց անձնվիրությամբ ու համարձակությամբ ոգեշնչում էին շատերին:
   Սակայն թշնամու կույր դիպուկահարի գնդակից և ականաբեկորային պայթյունից 1993 թվականի ապրիլի 3-ին Լաչինում վիրավորվեց հայրս: Երկրատև բուժումից հետո նա վերադարձավ ծառայության: Պատերազմն ավարտվելուց հետո նա շարունակեց ծառայությունը՝ զբաղեցնելով մի շարք պաշտոններ՝ մասնակցելով բանակաշինության գործընթացին:
   Այժմ ես՝ որպես ազատամարտիկի դուստր, հպարտույամբ նշում եմ, որ հայոց արծիվների խիզախ թռիչքը անհասանելի է, աներեր, քանզի նրանք մինչև արյան վերջին կաթիլը պատրաստ են մարտնչել հայրենի երկնակամարը խաղաղ պահելու համար:
   Ուզում եմ շնորհավորել Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին, խոնարհվել զոհվածների շիրիմի առջև և երախտագիտության խոսքեր ուղղել նրանց: Այսօրվա և ապագայի համար մենք պարտական ենք Ձեզ՝ հայ քաջարիներ: Իսկ  մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմամբ ամրագրված հաղթանակը դարձնել մեր  փառավոր երթի սկիզբը:
   Սիրելի հայր և հայ ազատամարտիկ հայրեր, հայ զինվոր, որ այսօր աչալրջորեն հսկում ես հայրենիքի սահմանները, թող երկինքը լինի անամպ և զենքերը լռեն, թող հայ մայրերը երբեք որդեկորույս չդառնան, թող հայոց աշխարհը  ցնծա խինդով, ուրախությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий